Շինարարական նորմերն արդիականացվում են. Քաղաքաշինության Կոմիտե

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է արդիականացնել շինարարական նորմերը: Միայն 2021-2022 թթ. ծրագրում ընդգրկվել է 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 13-ն արդեն հրապարակվել է, 3-ի մշակման աշխատանքներն ավարտվել են, մեկնարկել հաստատման ընթացակարգերը, ևս 4-ը մշակման փուլում է: Մեծ թվով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը զգալի նպաստել է վերջին 3 տարում պետական բյուջեով հատկացվող գումարի ավելացումը:
Հաշվի առնելով հանրապետությունում մեծ թվով մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ կոմիտեի պատվիրատվությամբ սեղմ ժամկետում մշակվել և օրեր առաջ հրապարակվել են նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերը:
Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն զուգընթաց մշակվել և հաստատվել է ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուն, ինչը լավ հնարավորություն է ստեղծում բազալտի մանրաթելի տեղական արտադրության խթանման համար: Ավելի վաղ տեղայնացվել էին կապիտալ շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերին վերաբերող քաղաքաշինական առանցքային՝ «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» և «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը:
Մշակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մյուս խումբն էլ վերաբերում է շինարարական գործընթացներին: Միջազգային փորձի հիման վրա արդիականացվել են շենքերի և շինությունների նախագծման, շինարարության իրականացման և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ պահանջները:
Մշակման կամ արդիականացման ենթակա նորմերի ցանկը կազմելիս Քաղաքաշինության կոմիտեն հաշվի է առնում պետական գերատեսչություններից ստացվող առաջարկությունները՝ տարբեր ոլորտների կարգավորումների թերի կամ ժամանակավրեպ լինելու վերաբերյալ, արտադրողների և ներմուծողների առաջարկները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ու նյութերի կիրառման հնարավորությունները: Նորմատիվ փաստաթղթերի պարբերաբար վերանայումը թույլ է տալիս կատարելագործել քաղաքաշինական գործունեության կազմակերպումը՝ ապահովելու համար շինությունների անվտանգությունը, սեյսմակայունությունը, երկարակեցությունը, էներգաարդյունվետությունը, նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, էկոլոգիական պահանջներին բավարարող տեխնոլոգիաների զարգացումը:
2022 թ. հրապարակված նորմերի ցանկ
1.    ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում»

You may also like...