Բաքուն հայտնում է Վրաստանի եվ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք երկրում ահաբեկչություն էին ծրագրում

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիների, որոնք ծրագրել են ահաբեկչություն իրականացնել երկրում գործող կրոնական համայնքներից մեկի դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ՊԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Վրաստանի քաղաքացի Ագիլ Ասլանովը և Ադրբեջանի քաղաքացի Ջեյհուն Իսմայիլովը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ագիլ Ասլանովը, որը զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ, 2024 թվականի սեպտեմբերին երրորդ երկրում հանդիպել է այդ երկրի հետախուզության աշխատակիցների հետ։

Նրանք Ասլանովին ցույց են տվել կրոնական համայնքի անդամի լուսանկարները, տեղեկություններ տրամադրել նրա մասին և 200,000 դոլարի դիմաց սպանելու հրահանգ տվել։ Ասլանովին սկզբում հանձնարարվել է հավաքել և նրանց փոխանցել համայնքի անդամի և նրա աշխատավայրի վերաբերյալ անհրաժեշտ հետախուզական տվյալները, ինչի համար նրան 2000 դոլար կանխավճար է տրվել:

Հանձնարարությունը կատարելու համար Բաքու ժամանած Ագիլ Ասլանովը Ջեյհուն Իսմայիլովի հետ, ում նա հավաքագրել է հանցավոր գործողություններին մասնակցելու համար նյութական վարձատրության դիմաց, աշխատանքներ են իրականացրել կրոնական համայնքի անդամի մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ և բջջային հեռախոսի համապատասխան հավելվածի միջոցով տեղեկատվություն ուղարկել նրա բնակության վայրի և աշխատանքի մասին օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցչին։

Ասլանովին ու Իսմայիլովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 28, 214.2.1, 274, 276 և այլ հոդվածներով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

You may also like...