Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քննարկվելու է տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը:

«Սիրելի՛ երևանցիներ,

վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ ձեր արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել ենք։

Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։

Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։

Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝

  • 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
  • 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
  • 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
  • 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝

  • 30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
  • 90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
  • 365 օր — 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- գրել է նա։

You may also like...