ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին (լուսանկարներ)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։


Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը նախ մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց է կատարել թաղամասում, այցելել է նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի բնակիչները։ Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։



Այնուհետև նախարարն այցելել է հյուրանոց, որտեղ տեղակայվել են տարհանված բնակիչները։ Խուդաթյանը զրուցել է նրանց հետ, ծանոթացել պայմաններին։

Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում` օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ, կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ մարզպետ Արամ Ղազարյանը զեկուցել է հրդեհից հետո իրականացված աշխատանքները, ձեռնարկված քայլերը տարհանված բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ։

Այս պահին հյուրանոցում տեղակայված է 29 քաղաքացի։ 13 բնակիչ իրենց ցանկությամբ գտնվում են իրենց հարազատների տանը։ Բոլորն ապահովված են սննդով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։
Խորհրդակցության ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ միջնաժամկետ անելիքների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ:
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:
Ինչպես հայտնել ենք՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հրդեհի հետևանքով մեկ անձ զոհվել է, բուժօգնության դիմել՝ 8 քաղաքացի:
