Առանց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի ՌԴ-ի հետ․ Կոբախիձե
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի առանց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման։
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Դրանք Թբիլիսիի կողմից ընդհատվել են 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։
«Առանց մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, բնականաբար, դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի, սա ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական խնդիր է»,- ասել է նա։
Թբիլիսին, ըստ Կոբախիձեի, մտադիր է պահպանել Մոսկվայի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունները։
«Բայց մենք ունենք առևտրատնտեսական հարաբերություններ, սա է ներկայիս իրավիճակը, և մենք մտադիր ենք այս պատկերը պահպանել մեր հարաբերություններում», — հավելել է վարչապետը։
Ռուսաստանը ներկայում Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 5,4 տոկոսով և կազմել 5,4 միլիարդ դոլար։
Ռուսաստանի մասնաբաժինը վրացական արտահանման մեջ 2024 թվականին կազմել է 10,8%։ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների բաժինը կազմել է ամբողջ ներմուծման 11,2%-ը։
