Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը 7 տարում 10 անգամ ավելացել է. Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է ոչ միայն այն, թե պետությունը որքան պարտք ունի, այլևթե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար:
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցում տեսաուղերձով հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 մլրդ, «ինչպես ոմանք պնդում են», այլ 5,96 մլրդ դոլար: Նախարարի խոսքով՝ 12 մլրդ դոլարի մասին խոսողները կամ պատշաճ կերպով տեղեկացված չեն, կամ միտումնավոր սխալ տեղեկատվություն են տարածում՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով:
«Էկոնոմիկայի նախարարն ինքն էլ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Ես անձամբ ծանոթ եմ նրան։ Մենք չենք խոսում արտաքին պարտքի մասին, այլ այն մասին, որ երկրի պարտքը 12 մլրդ դոլար է, որից 6 մլրդ դոլարը, այո’, արտաքին պարտքն է՝ 1% սպասարկման տոկոսադրույքով և 6 մլրդ դոլարը՝ ներքին, որի սպասարկման վրա ծախսվում է 14%։ Այսինքն՝ ներքին պարտքի տոկոսները 14 անգամ ավելի բարձր են», — ընդգծեց Բագրատյանը։
Հայաստանի նախկին վարչապետի գնահատմամբ՝ կարևոր է ոչ միայն, թե պետությունը որքան պարտք ունի, այլև այն, թե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար: Այսօրվա դրությամբ, ըստ նրա, պարտքի սպասարկման համար ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը ծախսվում է տոկոսների սպասարկման, իսկ մյուս կեսը՝ մայր գումարի մարման վրա:
«Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին պարտքի սպասարկման վրա ծախսվել է 100 մլրդ դրամ։ Ծախսերն աճել են 10 անգամ, այսինքն՝ այդ իմաստով պարտքի բեռը 10 անգամ աճել է։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան պարտք ունեմ:
Ինձ հետաքրքրում է, թե որքան պետք է վճարեմ ամսական: Հենց այդ գումարը, որը ես պետք է վճարեմ ամսական, աճել է 10 անգամ։ Չեմ կարծում, որ էկոնոմիկայի ներկայիս նախարարն իր անցած ճանապարհով դա խորապես հասկանում է», — եզրափակեց Հայաստանի կառավարության նախկին ղեկավարը։
Նշենք, որ Հայաստանի կառավարության պարտքի ընդհանուր ծավալն իսկապես կազմում է մոտ 12 մլրդ դոլար (ավելի ճիշտ, անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ՝ 12 մլրդ 338 մլն դոլար)։ Դրա կեսից մի փոքր ավելին՝ 6 մլրդ 388,1 մլն դոլարը, ներքին պարտքն է։ Արտաքին պարտքի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 5 մլրդ 950,1 մլն դոլար։
