ՀՀ-ում 1 օրում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, վնասվածքներ ստացել՝ 35 քաղաքացի
Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցան ուժեղացված ծառայության։
«Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները աջակցել են նաև ձնամաքրման աշխատանքներին։
Փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։ Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։
Սիրելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
