Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։
Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաներն էլ են հասկանում»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության։
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։
Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի հոկտեմբերին Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին և շատ դրական ազդակներ է ստացել այդ հանդիպումից։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին.
Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։

You may also like...