Թեժ իրավիճակ՝ Սերբիայի խորհրդարանում. ընդդիմադիր պատգամավորները ջուր են լցրել խոսնակի վրա 

Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները փորձել են խափանել Սերբիայի Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) նիստը՝ ծեծկռտուք սկսելով և նիստերի սենյակում ծխային ռումբեր կիրառելով։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ձախ-կանաչ ճակատ» կուսակցության պատգամավոր Ռադոմիր Լազովիչը, անտեսելով այն փաստը, որ իր հերթը չէ, նիստերի դահլիճում մոտեցել է ամբիոնին: Խորհրդարանական անվտանգության ծառայության անդամները փորձել են կանգնեցնել նրան, որից հետո դահլիճում ծեծկռտուք է սկսվել։

Ընդդիմության ներկայացուցիչները գունավոր ծխային ռումբեր են վառել և պաստառ պարզել՝ կոչ անելով տապալել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին։ Իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության պատգամավորները պատասխանել են՝ պարզելով երկրի ազգային դրոշները:

Նշվում է, որ ընդդիմադիրները խոսնակ Անա Բռնաբիչի վրա ջուր են լցրել:

Սերբ ուսանողներն ու ընդդիմադիր ուժերը նախորդ տարվա նոյեմբերից բողոքի ցույցեր են անցկացնում Նովի Սադում, Բելգրադում և այլ քաղաքներում։

Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի մուտքի մոտ հովանոցի փլուզման հետևանքով 15 մարդու մահվան մեղավորներին։ Նրանք պահանջում են իշխանությունների հրաժարականը:

You may also like...