Պետական պարտք — ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է, սա դրական ցուցանիշ է. վարչապետն անդրադարձել է պետական պարտքին

Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական պարտքի կառավարմանը և նշել, որ էական չէ, թե որքան է դարձել պետական պարտքը, էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում. «Այսօր ունենք շատ դրական վիճակ, երբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է: Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է, ընդ որում, նախորդ օրը մենք Ֆինանսների նախարարությունում ամփոփում էինք նախարարության աշխատանքները, և առաջին հարցը, որ ինձ մոտ ծագեց՝ արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյունք է: Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ իրականում մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդին. «Այսինքն՝ բոլոր ժամանակների համար ունենք բացարձակ ռեկորդ՝ հոկտեմբերին գրանցվել է 696 445 աշխատատեղ: Եվ հետաքրքիր է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 623-ով ավելի աշխատատեղ ունենք: Պատկերացնում եք՝ ինչ թվերի մասին է խոսքը: Եվ աշխատավարձի ֆոնդն եմ ուզում համեմատել. աշխատատեղերի առումով 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ, 110 266 նոր աշխատատեղ է ձևավորվել, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ՝ հանրապետությունում ստեղծվել է 148 000 նոր աշխատատեղ: Աշխատավարձերի ֆոնդի առումով, որովհետև սա շատ կարևոր է գնաճի տրամաբանության տեսակետից՝ 2022 թվականի հոկտեմբերը, 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ, 34 մլրդ դրամով կամ 24.6 տոկոսով ավելի: Բնականաբար, եկամտային հարկերի հավաքագրման առումով էլ, օրինակ, մենք 2018 թվականի նկատմամբ այս հոկտեմբերին 9 մլդ 937 միլիոնով, այսինքն՝ 10 մլդ դրամով, կամ 38 տոկոսով ավել եկամտային հարկ ենք հավաքագրել, տարվա ցուցանիշներն էլ համապատասխանաբար: Մի թիվ ունենք, ճիշտն ասած, որը «կարմիր» է իմ տեղեկանքում, դա միջին ամսական աշխատավարձն է, և դեռ պետք է վերլուծենք, որպեսզի հասկանանք ինչն է պատճառը: Ոմանք ասում են, որ աշխատատեղերի թիվն ավելի արագ է աճում, քան աշխատավարձերը, և այս երևույթի պատճառը սա է, բայց ամեն դեպքում մենք պիտի վերլուծենք և հասկանանք: Այս ամենն ուզում եմ կարևորել ևս մի պատճառով, որովհետև ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունն առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն անհրաժեշտ վարկային միջոցներն, ըստ էության, երբ ուզենա՝ կկարողանա ներգրավել»:

You may also like...