Թուրք լրագրողների՝ Մարգարա այցի համար Կառավարությունից համապատասխան հարցում ենք ունեցել․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թուրք լրագրողների Մարգարայի անցակետի այցին։
Հարցին՝ եթե հայ լրագրողները ցանկանում են Հյուսիսային մաքսատուն այցելել, էլի պետք է Կառավարությա՞նը դիմել, ՊԵԿ նախագահը մանրամասնել է. «Հյուսիսային մաքսատուն գաք, ի՞նչ անեք, դա է հարցը։ Եթե մեր տիրույթում հարցեր ունեք, ուզում եք, օրինակ, մաքսային ծառայության գործառույթներին ծանոթանաք, ուզում եք տեսնեք, թե մենք ինչպես ենք աշխատում, մեզ պիտի դիմեք, այո՛:
Հիմա ձեր անհանգստությունն այն է, որ դուք ասում եք՝ ձեզ թույլ չեն տվել, ես ասում եմ՝ դրանից տեղյակ չեմ, այդ հարցը փակեք: Թուրք լրագրողների դեպքում Կառավարության կողմից համապատասխան հարցում ունեցել ենք, և դա կազմակերպվել է համարժեք ձևով»:
Խոսելով Մարգարայի անցակետի բացման հնարավորությանը, ՊԵԿ նախագահն ասաց. «Մարգարայի անցակետը պատրաստ է ամբողջությամբ իր մաքսային գործառույթը իրականացնելու, ամբողջ ենթակառուցվածքը պատրաստ է, մենք էլ որպես պետական եկամուտների կոմիտե պատրաստենք այդ գործառույթները պատշաճ իրականացնելու։ Իսկ եթե հարցնում եք պետական սահմանի հնարավոր բացման մասին, Դա ՊԵԿ-ի գործառույթը չէ»:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված`թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում մարտի 13-ին լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։
