Ստամբուլում ոստիկանությունը բռնությամբ եվ բիրտ ուժով ցրել է ցուցարարներին

Ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ստամբուլում ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության համար ցույցի դուրս եկած  քաղաքացիներին։

Քաղաքապետարանի դիմաց ցույցի ավարտից հետո ցուցարարների մի մասը մնացել է Սարաչհանեի այգում և շարունակել շշեր ու հրավառ նյութեր նետել անվտանգության ուժերի վրա և կարգախոսներ բղավել:

Մի քանի րոպե անց ոստիկանները հերթական անգամ արցունքաբեր գազ են կիրառել ու սկսել ուժով դուրս մղել ցուցարարներին այգուց։

Դրանից հետո ուժայինները շարունակել են նրանց հետապնդել մինչև մետրոյի մոտակա կայարան՝ Վեզնեցիլեր, որը գտնվում է այգուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Երկուշաբթի գիշերը Ստամբուլում ոստիկանությունը բերման է ենթարկել անօրինական ցույցերի 71 մասնակցի, հաղորդում է պետական Anadolu գործակալությունը։

Ստամբուլի իշխանություններն ավելի վաղ արգելել էին բոլոր հանրահավաքներն ու ցույցերը մինչև մարտի 27-ը։

«Հայտնաբերվել է ցույցեր անցկացնելու արգելքը խախտած 99 մարդ, որոնցից 71-ը բերման է ենթարկվել, ևս 28-ը հետախուզման մեջ է»,- հայտնում է գործակալությունը։

Ստամբուլում գիշերային ցույցերի ժամանակ ոստիկանները նաև բռնություն են կիրառել RT-ի թղթակցի և օպերատորի նկատմամբ: Նրանց ծեծել են մահակներով, պոկել RT-ի ցուցանակները, ջարդել հակագազերը, իսկ հետո արցունքաբեր գազ են փչել նրանց ուղղությամբ:

You may also like...