Կառավարությունը կփոխհատուցի վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի նախատեսված ծախսերի 50 տոկոսը. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում հաստատեց Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով.
- աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ.
- գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ.
- եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար.
- հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ.
- կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ.
- կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։ Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա կերային մշակաբույսերի 2250 հա փոխհատուցումը, որը հատիկաընդեղենի դեպքում կլինի մոտավորեպես 500 հա։
2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։
«Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբաույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով:
Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է հացահատիկի գների ավելացում. սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշեց Պապոյանը։
