Ընդդիմադիր ուժերը մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսի հետ. Ռուբեն Մխիթարյան
Կարծում եմ օրվա ընթացքում կակտիվանան, շատ ակտիվ մասնակցություն ենք սպասում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ, ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով մասնակցության պասիվությանը:
«Ես չեմ ուզել առավելություն ստանալ երիտասարդների դաշտում, որը, այսպես թե այնպես, ունեմ»,- շեշտեց նա:
Նա համաձայնեց տեսակետին, որ իր ընտրողը մինչև 35 տարեկան սեգմենտն է և նշեց, որ չի գողացել նրանց, այլ հալալ քրտինքով վաստակել է:
«Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը գան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գան, մասնակցեն որովհետև այս քաղաքը կարիք ունի երիտասարդանալու: Իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ դա՝ Գյումրին պետք է ստանա երիտասարդական շունչ»,- հայտարարեց Մխիթարյանը:
Հարցին էլ, թե որևէ արկածախնդրություն մինչև օրվա վերջ սպասո՞ւմ է, քաղաքապետի թեկնածուն ասաց.
«Օրը ցույց կտա, ամեն դեպքում կարող եմ փաստել վերջին 15 օրը շատ լավ վերլուծելով, որ ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի հետ, այլ պետական, վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ ղեկավար բարեկամի հետ»:
