Ադրբեջանական կրակոցների ձայները Վարդենիսից էլ են լսվել․ Ազատություն Ռ/Կ
Սյունիքի սահմանային գյուղերում երրորդ շաբաթ անընդմեջ կրակոցների մասին հաղորդումներից հետո այսօր արդեն նաև Գեղարքունիքի Վարդենիսից են հաստատում՝ մի քանի օր է՝ դարձյալ ադրբեջանական զինուժն ակտիվացել է։
Համայնքի կազմում ընդգրկված Կութի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն «Ազատությանն» ասաց՝ միայն ձայներն են լսում և ոչ հաճախ:
Պաշտոնյան, սակայն, շեշտեց, թե կրակոցները գյուղի ուղղությամբ չեն. «Գյուղում վնասված ինչ-որ շինություն կամ անասուն, բնակիչ մանավանդ չի եղել, վիրավորում չի եղել, բայց կրակոցներ լսվել են»:
Ավագյանն ասաց՝ միայն գիշերային ժամերին են լսվում կրակոցները։ Ամեն գիշեր վերջին 20 օրվա ընթացքում կրակոցներ լսվում են նաև Սյունիքի մարզի երկու սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում։
Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով, սակայն, վերջին շրջանում փոքր-ինչ նվազել է կրակոցների պարբերականությունը։
Օրեր առաջ՝ մարտի 31-ին, Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։ Պաշտպանության նախարարությունը միայն այդ ժամանակ հայտնեց Սյունիքում կրակոցների մասին։
Ռազմական գերատեսչությունից հիմնավորում են՝ հաղորդում են այն խախտումները, երբ դրանք ուղղված են Հայաստանի տարածքին, նպատակային ու թիրախային են։
Սահմանամերձ Խոզնավարում էլ են անցած գիշեր լսել կրակոցները։ Վարչական ղեկավար Վահան Զաքյանն ասաց՝ կրակոցների ձայները գիշերը երկու անգամ են լսել:
