ՀՀ-ն բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը․ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե պետք է սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ, և իրենք պատրաստ են դրան։
Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։
«Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ»,- ասաց Բադալյանը։
Ապրիլի 2-ին Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։
Այս ամենին զուգահեռ հայկական կոմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
