ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր
Ազգային ժողովն ապրիլի 18-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր:
Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը, նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում են «Կրիպտոակտիվների մասին» նախագիծը և «Պետական վերահսկողական ծառայության մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Առաջինը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը, իսկ երկրորդ նախագծով նախատեսում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը փոխանցել Պետական վերահսկողական ծառայությանը:
Առաջին ընթերցմամբ քննարկված, բայց չընդունված նախագծերից մեկն էլ վերաբերում էր Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, որը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը: Նախագծով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ դեմ են քվեարկելու նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը:
