Ադրբեջանցի վանդալները շարունակում են պղծել օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը
Monument Watch-ը ահազանգում է․
2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը :
Նկատենք, որ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը: Այս թեմայով ավելի մանրամասն տես՝ Ստեփանակերտի հուշահամալիրը վտանգի տակ, Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը:
Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն.( 8 րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ):
Գերեզմանոցների պղծման գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից։
