Ստվերի մասին տեղեկություն ստուգելու լրագրողների գործիքներից մեկն այլևս հասանելի չէ

Հայաստանյան ընկերություններում ստվերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստուգելու լրագրողներին հասանելի հիմնական գործիքներից մեկն այլևս հասանելի չէ:

Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում հնարավոր էր այս կամ այն ընկերության տվյալներով պարզել, թե որքան պարտադիր դրոշմանիշային վճար են կատարել իրենց աշխատակիցների համար ու մոտավոր պատկերացում կազմել, թե գրանցված քանի աշխատակից ունեն:

Այս գործիքը հատկապես օգտակար էր լրագրողների համար. հետաքննություններ պատրաստելիս այս կայքի միջոցով լրագրողները հնարավորություն ունեին ընդհանուր պատկերացում կազմել, թե այս կամ այն ընկերության աշխատակիցների որ մասն է գրանցված ու որն է ստվերում: Գրանցված աշխատակիցների համար այս վճարները պարտադիր են:

Հիմնադրամի կայքում մի քանի ընկերության տվյալներով փնտրելիս նույն պատասխանը ստացանք՝ «Ձեր ընտրած որոնմանը համապատասխան արդյունքներ չեն գտնվել»:

Պարզաբանումների համար Ազատություն ռադիոկայանը  դիմել է  հիմնադրամին, որտեղից հայտնել են, որ  այս տվյալներն այլևս հասանելի չեն ու հորդորել են դիմել  Պետական եկամուտների կոմիտե: ՊԵԿ-ից էլ արձագանքել են, թե իրենք հիմնադրամի կայքի հետ առնչություն չունեն:

Այլ պարզաբանումներ առայժմ չի  ստացվել:

Այսպիսով՝ մինչ իշխանությունները ստվերի դեմ պայքարի կարևության մասին հայտարարություններ են անում լրագրողները զրկվում են ստվերը բացահայտելու հասանելի գործիքներից մեկից:

You may also like...