Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, 2013 թվականի օգոստոսի 30-ին հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր և օգտագործելով իր՝ տնօրենի պաշտոնից բխող հեղինակությունն ու ճանաչումը՝ գիտատեխնիկական համագործակցության աշխատանքների կատարման պայմանագրեր է կնքել ընկերության հետ:
Նախկին տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասից վերականգնվել է 19 մլն ՀՀ դրամ, իսկ գումարի մնացած չափով արգելանք է դրվել վերջինիս շարժական և անշարժ գույքերի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
