Քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները ևս. ՀՀ վարչապետ

«Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություն, և այդ ուղղությունների վրա կենտրոնանալով՝ նոր հնարավորություններ բացել նաև այլ օրակարգերի համար:

Այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի ընդգծեմ, որ այս այցը, իհարկե, շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության, և ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել աջակցությունների համար:

Այո՛, հենց աջակցություններ, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունն էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով:

Իհարկե, հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ի հետ, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը

Նա հավելել է, որ երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են առաջիկա համագործակցությունը կենտրոնացնել մի քանի ուղղությամբ, որից մեկը քաղաքական երկխոսությունն է:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես, ըստ վարչապետի, խոսքը միջուկային էներգիայի ոլորտին է վերաբերում:

«Նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ:

Հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր»,-նշել է ՀՀ վարչապետը:

You may also like...