Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը Հայաստանի չափով աջակցություն տրամադրի Ադրբեջանին. Հունգարիայի արտգործնախարար
«Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։
«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- մանրամասնել է նա։
Սիյարտոն հայտարարել է, որ լավ քննարկում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, և ինքը պարզ ասել է, որ Հունգարիան կողմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելուն՝ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին հատկացնելու դեպքում։ Նա նշել է, որ դա վերաբերում է Եվրամիության ցանկացած ռեսուրսից հատկացվող աջակցությանը։
«Եվ, եթե դա մեկ անգամ աշխատել է, կաշխատի նաև հիմա»,- եզրափակել է Սիյարտոն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։
