Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։
«Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր:
Մենք համոզված ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարող է զգալի ներդրում ունենալ ամբողջ եվրասիական տարածքի կայունության և բարեկեցության ամրապնդման գործում», — նշել է Գևորգ Պապոյանը։
Իր խոսքում Գևորգ Պապոյանը կարևորել է փոխգործակցության խորացումը հատկապես դեղագործության, և թանկարժեք քարերի ու մետաղների արտահանման ուղղությամբ։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացմամբ, ինչպես նաև Ղազախստանից բարձրարժեք տոհմային կենդանիների ներմուծմամբ։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում Հայաստանը կարող է դիտարկվել որպես կայուն փոխգործակցության, լոգիստիկայի, առևտրի և մարդասիրական գործընկերության հարթակ՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։
