Ալիևը հերթական մեղադրանքներն է ուղղել Հայաստանին. ՔՊ-ից արձագանքում են

Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է «ռազմական հանցագործ պետություն»: Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված հերթական մեղադրանքներին:

Երեկ Մինգեչաուրի շրջանում էլեկտրակայանի բացմանը Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանը ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում հրետակոծել է ադրբեջանական քաղաքներ, սպանել խաղաղ բնակիչներին:

Ըստ նրա՝ Երևանի նպատակն էր կաթվածահար անել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները:

«Այս տարածքի վրա ընկած արկերն ու հեռահար հրթիռները դրա ապացույցն են: Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ: Սա ռազմական հանցագործություն է: Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում», — ասել է Ալիևը:

Մինչ արտգործնախարարությունը լուռ է, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ՔՊ-ական անդամ Հասմիկ Հակոբյանն է արձագանքում Ալիևի մեղադրանքներին: Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դատապարտելի են և չեն բխում խաղաղություն հաստատելու օրակարգից:

«Եթե մենք հետ գնանք ու սկսենք մեկնաբանություններ տալ, ապա շատ մոտ է՝ ընդամենը 1-2 տարի առաջ էր, որ թիրախավորվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտները, մարդիկ, էթնիկ զտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայաթափվեց 100 հազարից ավելի բնակչություն ունեցող տեղանք, և եթե մենք այս հռետորաբանությամբ գնանք, ապա շատ ավելի թարմ իրադարձություններ կան, որոնք կարող ենք մատնանշել», — ասաց Հակոբյանը:

Բացի Գյանջան, Աղդամը, Բարդան և Թարթարը հրետակոծելու մեղադրանքները, Ալիևը երեկ հերթական անգամ հիշել է նաև Խոջալուի դեպքերը: Այս բոլոր դրվագները հիշատակվում են նաև Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունների ընթացքում:

Ընդ որում՝ վերջինը նախօրեին էր, երբ ըստ ադրբեջանական «Ազերթաջ»-ի՝ դատավարության ընթացքում Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է «ցուցմունքներ ստանալ Գյանջայի ռմբակոծության» վերաբերյալ:

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անդրադառնալով հրապարակումներին, թե «Արցախի նախագահը հրամայել է Գյանջա քաղաքը ռմբակոծել», Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ինքը նման հրաման չի տվել, քանի որ նման լիազորություն չի ունեցել։

You may also like...