Ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր, չենք կարող տարբերություն դնել սրա և Հոկտեմբերի 27-ի մեջ. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային ՀԸ եթերում խոսել է երկրում հեղաշրջման և ահաբեկչության փորձի մասին:
«Դուք հեղաշրջում բառն օգտագործեցիք, սակայն ես կարող եմ ասել, որ սա ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր և որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել այս գործողության և հոկտեմբերի 27-ի միջև:
Սա մի նոր Հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր»,- ասաց Սիմոնյանը:
ԱՆդրադառնալով ՔԿ-ի հրապարակած ձայնագրություններին, որոնցում Բագրատ Գալստանյանը հեղաշրջման պլանն է մանրամասնում, Ալեն Սիմոնյանը նշել է՝ մարդասպանի խոսակցություն է:
Ըստ Ալեն Սիմոնյանի, Աստվածաշնչում նկարագրված բոլոր մեղքերը սրբազանների վեղարների տակ հիմա թաքնված են:
«Սա, վստահ եմ, որ վերջին դեպքը չէ: Ես վստահ եմ, որ էլի մարդիկ կան, որոնք որ փորձելու են Հայաստանի Հանրապետությունը մտցնել քաոսի մեջ, բայց նաև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու, տեսել ենք, գիտենք ձևերը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է 14 անձ: Հայնի են 12-ի անունները:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։
