Կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնում. այն կմեկնարկի հուլիսի 1-ին

Կառավարությունը հունիսի 26-ի նիստում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշում կայացրեց։

Այս որոշմամբ՝ ԱԺ-ին առաջարկվում է հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նշվում է, որ հերթական նիստերի օրակարգում մասնավորապես ընդգրկված էին մի շարք օրենքների նախագծեր, որոնք համարվել էին անհետաձգելի, և որոնց երկրորդ ընթերցումը նախատեսվում էր կազմակերպվել դրանց առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նստաշրջանը ավարտվել է, և օրակարգում ներառված հարցերը ժամանակի սղության պատճառով չեն քննարկվել՝ անհրաժեշտություն է առաջացել դրանք քննարկել արտահերթ նստաշրջանի ընթացքում:

Օրակարգում ներառվել են նաև հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգում ներառված և չքննարկված երկրորդ ընթերցման նախագծեր և համաձայնագրեր:

Հունիսի 17-ի հերթական նիստերի օրակարգ չներառված, սակայն արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված նախագծերի հրատապությունը հաշվի առնելով՝ դրանք ևս նախատեսվում են քննարկել երկու ընթերցմամբ:

You may also like...