ԱԱԾ-ն, ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից. հայտարարություն

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործումը:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։

ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում իրավիճակը լարված է:

Հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել է, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել է վեհարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

You may also like...