«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կոչ արեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանին վայր դնել պատգամավորական մանդատը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն, օրինակ, անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ռուսական կողմին խնդրում ու կոչ է անում՝ չտրվել հայկական կողմի սադրանքներին, ասաց․
«Անհավատալի է՝ ինչպե՞ս կարող է ԱԺ պատգամավորը նման տեքստ հնչեցնել։ Պարոն Աղազարյանը քաղաքական գործչի ռեկորդային ստորին շեմ է սահմանել այսօր, և ես ուզում եմ ասել, որ իսկապես ամաչում եմ, որ ունեմ քաղաքական անցյալ պարոն Աղազարյանի հետ: Նա այսօր իր խոսույթով պղծել է այս ամբիոնը, պղծել է այս ինստիտուտը, պղծել է իր մանդատը: Առաջարկում եմ հրաժարվել այդ մանդատից և լքել այս շենքը ընդմիշտ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղից արձագանքեց՝ երկրորդում է գործընկեր Էդուարդ Աղաջանյանին, ապա հավելեց, որ կարծում է՝ բոլորն են երկրորդում․ «Մանդատագողերի վերջը միշտ պղծությունն է լինում»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս իր ելույթի ժամանակ անդրադարձավ Հովիկ Աղազարյանի հետ կապված միջադեպին՝ կարծիք հայտնելով, թե ուրիշ մարդ է ԱԺ դահլիճում նստած, և ուրիշ մարդ է եղել, ում ճանաչել են տարիներ շարունակ․ «Պարո՛ն Աղազարյան, քաղաքական այն հաշվարկը, որ արել եք, վստահաբար, ոչ մի տեղ չտանող հաշվարկ է: Ես նաև գիտեմ, որ դա նաև դուք գիտեք: Մնացել է ընդամենը մի բան, որ գաք այս ամբիոնի մոտ և ասեք՝ Կիլիկիան իմ հայրենիքն է: Երբ Դուք դա անեք, լրիվ փազլը կհավաքվի ու կամբողջանա: Իրավունք չունեք այդտեղ նստեք, քանի որ չեք ծառայում ՀՀ-ին»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարեց, որ ցավում է, որ Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում խոսեց այն տեքստով, որով չպետք է խոսեր ԱԺ առաջ երդում տված անձը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանի ելույթից հետո, որտեղ նա խնդրում էր ռուսական կողմին չտրվել հայկական կողմի սադրանքներին, իրավիճակը լարվեց։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Աղազարյանի ելույթից հետո վանկարկեցին «ամոթ», ինչից հետո ընդդիմության ներկայացուցիչների և նրանց միջև գոռգոռոցներ սկսվեցին:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նիստի ընթացքում վերջինիս մասնակցությունը։
