ՌՈ աշխատակիցները հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում․ Վարդապետյան (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ևս մեկ անգամ առաջարկեց քաղաքացիների համար հստակեցնել, որ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունն այն վարչությունն է, որը պատասխանատու է բանակի կապիտալ շինարարության, այդ թվում՝ խրամատներ, խրամուղիներ, ճանապարհներ, տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, ռազմական օգտագործման ենթակառուցվածքների համար:
«Փաստորեն այդ գլխավոր վարչություններից մեկի ղեկավարն աշխատել է իր ղեկավարի, այսինքն՝ պաշտպանության նախարարի առանձնատան շինարարության վրա, ավելին՝ այնտեղ մրցույթին մասնակցող ընկերությանը հորդորել է կամ ասել է, ինչպես դուք ասացիք, որպեսզի զբաղվի դրա շինարարությամբ և դրա դիմաց, ըստ էության, վճարված համարի որպես ատկատ ձևակերպված գումարով: Այսինքն՝ մեծ հաշվով նա զբաղվել է իր ղեկավարի անձնական ունեցվածքը հարստացնելով բանակի հաշվին:
Խնդրո՛ւմ եմ, որպեսզի այս մասը շատ հստակ լինի, և դրան գումարած՝ նաև Ռազմական ոստիկանության աշխատողները աշխատավարձով աշխատել և այդ առանձնատանը պահակություն են արել, մեծ հաշվով, ովքեր պետք է դասալիքներ բռնեին, ովքեր պետք է ռազմական հանցագործներ բռնեին, ովքեր հենց իրենց ղեկավարին պետք է բռնեին, որը բանակի միջոցներով առանձնատուն էր սարքում, և քրեական գործեր պիտի հարուցեին իրենց «Կապշին» վարչության վրա, իրենց ղեկավարի, պաշտպանության ղեկավարի և մնացած դասալիքների ու դավաճանների վրա, որոնք այն ժամանակ կային բանակում»,- ասաց Արշակյանը:
Նրա խոսքով՝ «Սիտտա գրուպը» իրականացնում է կառուցապատման աշխատանքներ Պաշտպանության նախարարության համար: Դրա փաստացի սեփականատերերից, շահառուներից մեկը, ըստ նրա, աշխատում է հենց այն վարչությունում, որի մասին հիշատակեց ԱԺ նախագահի տեղակալը:
«Այսինքն՝ ուղիղ ենթակայությամբ է աշխատում Աշոտ Գրիգորյանի հետ: Ակնհայտ է, որ այս իրավիճակում ընկերությունը, որը աշխատում է ենթակայությամբ, չի կարող հակառակվել, և բնականաբար, այդ տրամաբանությամբ էլ ընտրվել է այս ընկերությունը: Ընկերությունն իրականացրել է աշխատանքները, և եթե ուշադրություն դարձրիք, ես վերջում 58 միլիոն դրամն էի դիտել որպես առավելություն, որովհետև աշխատուժի, բանվորների վճարումները շինարարական ընկերությունը իրականացրել էր, և այդ 64,5 միլիոն դրամի հանրագումարի աշխատանքներից 58 միլիոնը փաստացի շինությունների կառուցման վրա ծախսված աշխատանքներն էին: Ըստ էության, վճարել էին միայն ընկերության բանվորներին, որոնք իրականացրել էին աշխատանքները»,- ասաց դատախազը՝ նկատելով՝ դա շատ հաճախ կրկնվող սխեմա է և շատ պարզ:
Վարդապետյանի խոսքով՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցների առկայությունն է իրենց համար լրացուցիչ չարաշահման ենթադրություն անելու հիմք ստեղծում, որովհետև Ռազմական ոստիկանության աշխատակիցները կայուն հերթափոխով հերթապահություն են իրականացրել մասնավոր առանձնատան տարածքում և վճարվել են պետբյուջեի միջոցներից:
«Ակնհայտ է, որ «Սիտտա գրուպն» այն ընկերությունն է, որը շատ մեծ ծավալի շինարարություն է իրականացրել բանակի համար»,- ասաց Վարդապետյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքները իրականացվել են 2010-2015 թթ., 2011-2016 թթ. ՌՈ աշխատակիցները ծառայություն են իրականացրել առանձնատան տարածքում՝ առանձնացված ենթակառուցվածքի մեջ, 2016-ին, ըստ էության, սկսվել է բնապահանության նախարարության ենթակայության ներքո գործընթացի իրականացումը, որտեղ փաստաթղթերում նշվել է, որ որևէ շինություն տարածքի վրա չկա:
