Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն
Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը հուլիսի 5-ին մեկօրյա հացադուլ կհայտարարեն:
Այս մասին ասված է Աջապահյանի պաշտպանների թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակված Շիրակի թեմի առաջնորդի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
