ԱՄԷ նախագահն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի հանրային կապերի վարչության նորանշանակ ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։ Նշվել է, որ Ալ Նահյանը Թուրքիա կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Դուրանը նշել է, որ Թուրքիայում կկայանա երկու երկրների միջև 2023-ին ստեղծված «Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի» առաջին նիստը։

Նա նաև նշել է, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացումը և մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ։

Թուրքական ընդդիմադիր «t24» լրատվական կայքը նշում է, որ Նահյանի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ Թուրքիան և ԱՄԷ-ն զուգահեռ ջանքեր են գործադրում Սիրիայի ու Իսրայելի, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հանդիպել էին Աբու Դաբիում։

Աղբյուրը նաև շեշտել է, որ Անկարան Երևանի հետ կարգավորման գործընթացը կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հետ ու հիշեցնում, որ Էրդողանն էլ այս ամսվա սկզբին առանձին հանդիպել էր Փաշինյանի և Ալիևի հետ։

You may also like...