Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա է. Ռոմանոս Պետրոսյան

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։

Լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասաց. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, որոնց սեփականության իրավունքը մեր երկրում ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն նման ծառայությունների ոլորտի ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները, այդ թվում՝ ոլորտը կարգավորող հանձնաժողովը, կարող են իմպերատիվ միջոցառումներ անել տվյալ մարմնում։

Այդ լիցենզիայի պահանջի կատարումն է իրականացվում այս պահին։ Վստահ եմ, որ խոշոր բիզնեսմենն էլ է տեղյակ այս կարգավորումներից»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի հայտարարությանը, թե «մեր ձևերով մնալու ենք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Ղազինյանը ձև չունի մնալու։

«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու. ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա է»,- նշեց նա։

Հարցին՝ 7 տարի հետո՞ են հիշում ՀԷՑ-ի խնդիրների մասին, նա ասաց. «Ե՞րբ հիշեինք, միգուցե ձեզ հարցնեի՞նք, թե երբ հիշեինք։ Գործընթացը դեռևս սկսվել է ամիսներ առաջ։ Այս գործընթացի սկիզբը դրվել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումով։

ՀԾԿՀ նախորդ նախագահը 2-րդ շրջանի իր պաշտոնավարման հենց սկզբից լքել է պաշտոնը, ինչպես նաև մոտ 9 ամիս առաջ պաշտոնից ազատվել է ՏԿԵ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։

Գործընթացները դրանով են սկսվել, խնդրում եմ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

You may also like...