Բաքուն ի՞նչ սահմաններով է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ե՞րբ են պատրաստվում իրենց զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից․ վարչապետի պատասխանը

Վաշինգտոնում այսօր կայացած ասուլիսի ընթացքում ի թիվս այլ հարցերի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն հարցին թե արդյոք Բաքուն հստակեցրել է, թե ի՞նչ սահմաններով է ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և ե՞րբ են պատրաստվում իրենց զորքերը դուրս բերել Հայաստանի սուվերեն տարածքից։

Մեր երկրի ղեկավարն  այս հարցի պատասխանեց   հղում անելով  Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի 5-րդ կետին, շարունակելով․

«Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։

Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- մեջբերեց ՀՀ վարչապետը օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրից՝ հիշեցնելով, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում նշվում է՝ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ և Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական՝ անկախ Ադրբեջանի տարածքի հետ։

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ հարցի լուծումը սահմանազատման գործընթացի շարունակությունն է։ Կա նաև երկրորդ տարբերակ՝ հանրաքվեն, որը, սակայն, առավել բարդացնում է գործընթացը։

You may also like...