Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը հարևաններ լինելուց զատ ռազմավարական գործընկերներ են, որոնք կապված են խոր պատմական, մշակութային և ժողովրդական կապերով:
Անդրադառնալով համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերին՝ Էրդողանը նշել է.
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կազմում է Միջին միջանցքի ողնաշարը, և դրա լիարժեք շահագործումը բոլորիս համար ունի մեծ նշանակություն»։
Էրդողանը խոսել է նաև երկկողմ տնտեսական հարաբերություններից։ Նշել է, որ կողմերը կշարունակեն զարգացնել հատկապես առևտրային և ներդրումային հարաբերություններն այնպես, որ կարողանան նպաստել երկու ժողովուրդների բարօրությանը։
Ըստ նրա՝ երկկողմ առևտրաշրջանառությունն այժմ կազմում է 3 մլրդ դոլար։ Մտադիր են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։
Կավելաշվիլին էլ հայտնել է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, և Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկել առևտրային հարաբերությունների զարգացումը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծերը։ Ըստ Վրաստանի նախագահի՝ բոլոր այս նախագծերը չափազանց կարևոր են երկու երկրների համար և նոր մակարդակ են հաղորդում քաղաքական համագործակցությանը։
