Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ երկու երկրների միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:

Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը: Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին:

Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը:

You may also like...