Մերձավանի կրակոցների վայրում կան տեսախցիկներ, որոնց ձայնագրություններն առգրավվել են. կրակողը դիմել է փախուստի
«Մերձավանում գիշերը հնչած կրակոցների վայրում առկա են տեսախցիկներ, որոնց ձայնագրություններն առգրավվել են»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա հավելել է, որ հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք, ուժեղացված ծառայություն է իրականացվում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու հիվանդանոցում, որտեղ գտնվում է վիրավորը:
Սարգսյանի խոսքով՝ կրակողը եղել է դիմակավորված, մոտեցել է, կրակոցներ արձակել ու դիմել փախուստի:
Այլ մանրամասներ նա չի հայտնել՝ նշելով, որ ընթանում են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ, և որոշ հանգամանքներ, նախաքննության շահերից ելնելով, չեն հրապարակվում:
«Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել»,- ասել է Սարգսյանը։
Հարցին՝ կան տվյալներ, որ սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ նույն բնակավայրում տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է, որ քննարկվում են բոլոր վարկածները։
«Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»,- ընդգծել է խոսնակը:
