ՀՀ նախագահը Libra Group-ի ղեկավարի հետ քննարկել է ներդրումների և կանաչ էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։
Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը որդեգրել է կայուն զարգացման օրակարգ, որտեղ կարևոր դեր են ստանձնում նորարարական լուծումներն ու կանաչ էներգետիկան։
Քննարկվել են նաև ներդրումային ծրագրերի իրականացման և էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցեր։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արևային էներգետիկ համակարգերի զարգացմանը և դրանց ներդրման հեռանկարներին Հայաստանի էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Ջորջ Լոգոթեթիսը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Նա վերահաստատել է Libra Group-ի պատրաստակամությունը՝ դիտարկել և զարգացնել համագործակցության ծրագրեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսության և տեխնոլոգիական միջավայրի զարգացմանը։
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխշահավետ և երկարաժամկետ գործընկերության ձևավորումը, ինչը կնպաստի ինչպես Հայաստանի տնտեսության, այնպես էլ միջազգային գործընկերության ամրապնդմանը։
