Վրաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը Թբիլիսիում «Մայդան» բեմադրելու փորձի մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ հոկտեմբերի 4-ին վրացական ընդդիմությունը փորձել է Թբիլիսիում «Մայդան» անցկացնել ՏԻՄ ընտրությունների օրը։
«Երեկվա գործընթացների, կառավարությունը տապալելու փորձի վերաբերյալ կասեմ, որ այդ փորձը ձախողվեց։
Վերջին չորս տարիների ընթացքում մենք արդեն տեսել ենք «Մայդան» կազմակերպելու հինգ փորձ մեր երկրում։
Վերջին չորս տարիների ընթացքում «նացիստները» (ընդհանրացված տերմին ընդդիմության համար, որը հիմնված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անվանման վրա) արդեն հինգ անգամ փորձել են տապալել կառավարությունը և կազմակերպել «Մայդան», — ասել է կառավարության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարությանը, որի ստորաբաժանումները «ամենաբարձր մակարդակով, ամենաբարձր չափանիշներին համապատասխան մանրակրկիտ հատուկ գործողություն են իրականացրել»՝ կառավարությունը տապալելու փորձը կանխելու համար։
Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաք։ Դրա կազմակերպիչներից մեկը՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, բեմից կոչ է արել «գրավել նախագահական պալատի դարպասները», որից հետո որոշ ցուցարարներ ուղղվել են մոտակա նախագահական նստավայր։
Ցուցարարները քանդել են արգելապատնեշները, սակայն նրանց հետ է մղել հատուկ նշանակության ոստիկանությունը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Ինչպես հայտնել ենք՝ Վրաստանի 5 խոշոր քաղաքում հաղթել են «Վրացական երազանք»-ի թեկնածուները, ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ:
