Դեպքը դիտավորություն է. խոսել եմ ԱԱԾ տնօրենի, ՆԳ նախարարի հետ. Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին
«Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա: Փրկարար ծառայությունը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են տեղում»:
Այս մասին տեսաուղերձում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով հրդեհաշիջման աշխատանքների համար:
«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր:
Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները:
Սիրելի՛ երևանցիներ, մենք արդեն մշակել ենք կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, և այս տարի հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը:
Սա է համակարգային այն լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը: Քաղաքի համար սա և՛ բնապահպանական, և՛ անվտանգային հարց է: Մենք վերջ ենք տալու այս պրակտիկային, որը շուրջ 75 տարի վտանգել է բոլորիս առողջությունը և քաղաքի բնականոն միջավայրը:
Երևանն ունենալու է մաքուր, անվտանգ և վերահսկվող թափոնների կառավարում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ գիշերը հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։
