Հայտնի է՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերը որ թվերի ներքո հանդես կգան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքի միջև վիճակահանություններ՝ հերթական համարներ տրամադրելու համար։

Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։

Այսպիսով՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունները, ըստ վիճակահանության արդյունքների, հանդես կգան հետևյալ թվերի ներքո․

«Հաղթանակ» կուսացությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները) — 1
«Համահայկական ճակատ» կուսակցություն — 2
«Հանրապետություն» կուսակցություն — 3
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն — 4
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն — 5
«Ժառանգություն» կուսակցություն — 6
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն  — 7
«Հայրենիք» կուսակցություն — 8:

Նիստի ընթացքում իրականացված վիճակահանությամբ բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև։ Նշենք, որ վահանակների թիվը երկուսն են, բաշխվել է «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության միջև։

Հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաև ԿԸՀ 2025 թվականի մարտի 27-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի հերթական նիստում բաշխել է 2025 թվականի նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

You may also like...