Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է ԼՂ-ի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն
Հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն։ Ինչպես հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, հայտարարության մեջ ասվում է.«Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողության, որը հանգեցրել է հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային գաղթի,
Սենատը՝
— Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող անհիմն ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
-Կոչ է անում կողմերին վերականգնել դիվանագիտական ուղիները և իր մերժումն է հայտնում Ադրբեջանի կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարով և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ստանձնած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:
-Պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կառավարությունը վավերացրել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ կոնվենցիան։
-Ցավում և դատապարտում է մարդկային կյանքերի կորուստը և իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Իսպանիայում բնակվող հայ համայնքին։
-Ընդգծում է Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու հարցում, և պահանջում է, որ նրանք թույլ տան միջազգային դիտորդների և հումանիտար օգնության մուտքը տարածաշրջան։
-Հաշվի է առնում և աջակցում է ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերը՝ համարելով, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային, համընդհանուր և տևական լուծում գտնելուն։
-Ողջունում է Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության(AECID), ինչպես նաև Իսպանիայի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը՝ խրախուսելով կատարելու լրացուցիչ ներդրումներ՝ տեղահանված բնակչության կարիքները հոգալու համար»:
