Դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Սան Մարինոյի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
Նոյեմբերի 12-ին Սան Մարինոյի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում ունեցավ Սան Մարինոյի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուկա Բեկկարիի հետ:Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Նախարար Բեկկարին շնորհավորեց դեսպանին Սան Մարինոյում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ դեսպան Կարապետյանը իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Սան Մարինոյի բարեկամական հարաբերությունները։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Կարապետյանը նախարար Բեկկարիին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Սան Մարինոյի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում սերտ համագործակցության զարգացմամբ:
Երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական հարաբերություններին խթան հաղորդելու անհրաժե
շտությունը։
Դեսպան Կարապետյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ Հայաստանի և Սան Մարինոյի միջև բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
