Ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ ֆեդերացիան մշտապես գործում է բացառապես սպորտային արժեքների, օլիմպիական սկզբունքների և օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվող հրապարակումների կապակցությամբ ցանկանում ենք ընդգծել, որ ֆեդերացիան որևէ պաշտոնական քաղաքական հայտարարություն կամ դիրքորոշում չի տարածել։
Միաժամանակ կարևոր ենք համարում նաև փաստը, որ մարզիչները և մարզիկները՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ունեն իրենց անձնական կարծիքը արտահայտելու սահմանադրական իրավունք, և նրանց անհատական հրապարակումները կամ տեսակետները չեն ներկայացնում ֆեդերացիայի պաշտոնական դիրքորոշումը։
Ֆեդերացիայի գործունեության հիմքում մնում են միայն՝
• մարզական առաջընթացը,
• մարզիկների պատրաստվածությունը,
• հայաստանյան ըմբշամարտի միջազգային հաջողությունները,
• և միասնությունն ու փոխադարձ հարգանքը մեր մեծ սպորտային ընտանիքում։
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
