Արդարադատության նախարարության պատվիրակությունն Աթենքում ծանոթացել է հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Հայկական պատվիրակությունը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի գլխավորությամբ և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի մասնակցությամբ, այցելել է Աթենք՝ ուսումնագիտական այցի շրջանակում, որը նվիրված է եղել հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին և Հայաստանի բարեփոխումների օրակարգի զարգացմանը։
Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարությունը:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հունաստանի Արդարադատության նախարարության և Հաշտարարության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև հաշտարարության և արբիտրաժի առաջատար կազմակերպությունների՝ EODID և OPEMED կենտրոնների հետ։
Քննարկվել են հաշտարարների որակավորման չափանիշները, պարտադիր հաշտարարության մոդելները, ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև առցանց հաշտարարության նորարարական գործիքները։
Այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Հունաստանի արդարադատության նախարարությունների և հաշտարարական հաստատությունների միջև, ներառյալ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Այցն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում, Փուլ II – լրացուցիչ աջակցություն» ծրագրի շրջանակում։

You may also like...