ՀԷՑ-ի բարձրագույն ղեկավարության՝ պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում ունենք մեծ խնայողություն. Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։ Նրանք քննարկել են ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը։

Պետրոսյանը հայտնել է, որ ՀԷՑ-ի բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի և տեղակալների կողմից կամովին պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել, և իր նշանակման հենց առաջին ամսին ՀԷՑ-ի՝ մինչև 200 հազար համախառն եկամուտ ունեցող աշխատակիցների համար 20 հազար դրամի պարգևավճարներ են սահմանվել:

«Արդեն 4-րդ ամիսն է՝ նրանք կստանան դա։ Արդյունքում 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից։ Միջինացված 10-20 տոկոս բարձրացում է տեղի ունեցել։
Դա շարունակական է, քանի դեռ չենք կարողանում դրույքաչափերի ու հաստիքացուցակների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենների խորհրդին։

ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը՝ 3400 աշխատակիցներ, վարձատրվում են 320 հազար դրամից ցածր, իսկ նրանցից 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը։ Դրանք են՝ մոնտյորներ, տեսուչների մի մասը, վարորդներ, բանվորներ և այլն։

300-600 հազար դրամի սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ։ Աշխատավարձերի այդ կառուցվածքը մեծապես կախված է ամսական արդյունքային ցուցանիշներից՝ կորուստներ, խափանումներ»,- ասել է Պետրոսյանը:

You may also like...