Ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը աշխատանքային իրավունքի և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնահարցերից է

Սոցիալական գործընկերության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Գործատուների հանրապետական միության համագործակցությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, աշխատաժողովին մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին, ՄԱԿ մշտական համակարգողի ժ/պ Մոնիկա Սանդրին, շահագրգիռ գերատեսչությունների, սոցգործընկերության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշներին, աշխատաշուկայի պահանջներին և միտումներին, սոցիալական տարբեր խմբերի զբաղվածության խթանման, աշխատուժի պրոֆիլավորմանն ուղղված մի շարք հարցեր։

Կարևորելով զբաղվածության պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն ու մրցունակ աշխատուժի ձևավորումը՝ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը մարդու արժանապատվության, աշխատանքային իրավունքների, սոցիալական պաշտպանության, արդար մրցակցության և երկրի երկարաժամկետ զարգացման հիմնարար հարցերից է։

Վերջինիս համոզմամբ՝ խնդիրների լուծումը եռակողմ գործընկերության, տվյալների վրա հիմնված քաղաքականության և բոլոր կողմերի ջանքերի մեկտեղման արդյունքում է։

You may also like...