Բավարարվել է Վոլոդյա Գրիգորյանի հոր սեփականաշնորհած հողամասը Փարաքարին վերադարձնելու դատախազության պահանջը
Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Ինչպես հայտնել է դատախազությունը, Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և որպես անվավերության հետևանք անվավեր են ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Նշենք, որ խոսքը Փարաքարի նախկին համայնքապետ Լևոն Գրիգորյանի՝ Վոլոդյա Գրիգորյանի հոր կողմից համայնքի հողը ընդամենը 100 հազար դրամով սեփականաշնորհելու դեպքի մասին է։
Համայնքապետ Գրիգորյանը Փարաքարի Մերձավանի՝ լիճ կոչվող տարածքը օտարել է եղբորը՝ Ռուբիկ Պայքարի Գրիգորյանին։
