Դեռ համաձայնություն չունենք. Միրզոյանը՝ Ադրբեջանի կողմից բարձրաձայնված Սահմանադրության հետ կապված հարցի մասին

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ հստակեցնելով, թե ինչու մինչև այժմ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։

Նախարարը փաստել է, որ պայմանագրի բովանդակային մասի վրա աշխատանքներն ավարտված են, և տեքստը նախաստորագրվել էր դեռևս օգոստոսին։

«Գործընթացն առաջ գնալու համար այս պահին բան չկա։ Կա՛մ մենք պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կա՛մ չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել։

Եվ տեքստը, հիշում եք, դեռ մարտին համաձայնեցվել էր, օգոստոսին՝ նախաստորագրվել, սրա վրա այլևս աշխատանք չկա անելու»,- ասել է Միրզոյանը:

Ըստ նրա՝ հիմնական տարաձայնությունը վերաբերում է Ադրբեջանի կողմից բարձրացվող ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։

«Իհարկե, պետք է գործընթացն ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Նկատի ունեմ իրենց կողմից բարձրացվող Սահմանադրության հարցը, իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք մերը և դեռևս այստեղ համաձայնություն չունենք»,- հավելել է Միրզոյանը:

You may also like...