Հաստատվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը զեկուցել է, որ փաստաթուղթը նոր չէ, դեռևս 2019թ. ընդունված ռազմավարության շարունակությունն է, և շատ աշխատանքներ, որոնք ժառանգված են նախորդից, առավել կատարելագործում են ոլորտում սկսված բարեփոխումները, պատրաստ են և առաջիկա ամիսներին կիրագործվեն: Առաջին ուղղությունը դատական համակարգի բարեփոխումն է, որով նախատեսվում է առաջիկա ամիսներին հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկում: Մյուս ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է և էլեկտրոնային արդարադատությունը, որը վերաբերում է ոչ միայն դատարաններին, այլև քրեական արդարադատության ողջ համակարգին, նախաքննության մարմիններին: Դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուտով կիրականացվի քննչական և դատախազական գործընթացների թվայնացում: Նախարարը նշել է, որ Կառավարության նիստի՝ այսօր չզեկուցվող հարցերից մեկով քաղաքացիական դատավարության գործընթացների թվայնացման համար հատկացվելու է շուրջ 348 մլն ՀՀ դրամ, որով հնարավոր կլինի դատական քննություն իրականացնել առցանց եղանակով, առանց մարդու կամ փաստաբանի դատարան այցելելու: Նույնը նախատեսված է նաև վարչական և քրեական դատավարության դեպքում: Մեկ այլ կարևոր ուղղություն է բարեվարքության խնդիրը. ռազմավարությամբ նախատեսվում է բոլոր գործող դատավորների, նաև դատախազների, քննիչների, ՔԿՀ աշխատակիցների բարեվարքության ստուգում: Ռազմավարական ուղղությունների շարքում են ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, փաստաբանական, հարկադիր կատարման, սնանկության, նոտարիատի ոլորտների բարեփոխումները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը և այլն:
Նշելով ռազմավարության կարևորությունը՝ վարչապետն ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. «Ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք մեր իրականացրած բարեփոխումների մասին, տարածված կարծիք կա և պիտի անկեղծ ասենք, որ մենք էլ ենք համաձայն այդ կարծիքի հետ, մեզ ամենաշատը քննադատում են, որ հենց դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել: Ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, որ մենք, ընդհանուր առմամբ, այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից: Բայց վերջերս թերթում էի Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը և արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանի Հանրապետությունը Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի, և այդ ցանկում է նաև «անկախ դատական համակարգ» ենթավերնագիրը/վերնագիրը: Մի կողմից լավ է, որ մենք ընդհանրապես միշտ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց, մյուս կողմից, մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Արևելյան գործընկերության երկրների շարքում լինել առաջատար այս ուղղությամբ կարևոր արձանագրում է, ընդ որում, մի շարք ուղղություններով ևս Հայաստանն առաջատար է՝ մասնավորաբար, ընտրությունների վստահելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դատական բարեփոխումների հսկայական հատվածն ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ: «Առանձին վերցրած ոլորտում, այսպես ասած, թվայնացում տեղի ունենալ չի կարող, որովհետև թվայնացման անկյունաքարային սկզբունքը փոխգործելիությունն է: Այսինքն՝ եթե պետական մեկ համակարգում կա թվային պլատֆորմ, պետական մյուս բոլոր համակարգերը օրենքով, ընթացակարգերով և որոշումներով պիտի հասու լինեն այդ տեղեկատվությանը, այսինքն՝ այդ տեղեկատվությունը պիտի փոխադարձաբար հասանելի լինի և համոզված եմ, որ թվայնացման բանաձևերը, մոդուլները, Թվայնացման խորհրդում քննարկվում են և համապատասխանում են քաղաքականությանը: Արձանագրեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ թվայնացված պլատֆորմներ, այն է՝ նախարարություններում, գերատեսչություններում թուղթը վերածել ենք էլեկտրոնային ֆայլի, բայց այն ֆունկցիոնալ չէ, այսինքն՝ դրանում, օրինակ, բառ, ազգանուն, մեզ անհրաժեշտ տեղեկատվություն չենք կարող փնտրել և գտնել, և այդ թվայնացված պլատֆորմի մեջ փնտրելու համար պետք է անել նույն գործողությունը, ինչ անում ենք թղթի վրա՝ կարդալ և փորձել գտնել, նշել և այդպես շարունակ:
Երկրորդը, գերատեսչությունները կամ դատական կառույցները հասանելիություն չունեն իրենց անհրաժեշտ թվայնացված տեղեկատվությանը: Դրա համար շատ կարևոր է, որ թվային բանաձևերը լինեն ֆունկցիոնալ և փոխգործելի: Այսինքն՝ այն մարմինը, որն օրենքով կարող է հասու լինել տվյալ տեղեկատվությանը, թվային պլատֆորմների միջոցով կարողանա հասու լինել:
Հաջորդն արդեն քաղաքացիներին է վերաբերում: Պարոն Անդրեասյանը նշեց, որ մենք հիմա, մասնավորապես, քաղաքացիական դատավարության, նոտարական ծառայությունների ոլորտում ենք թվայնացմանն առաջնահերթություն տալիս: Սա նշանակում է, որ մենք ստեղծում ենք հնարավորություն. առաջինը, իհարկե, որպեսզի հայցերը, ծանուցումները, փաստաթղթաշրջանառությունն իրականացվեն թվային ճանապարհով, բայց պլատֆորմի զուտ տեխնիկական հնարավորության առկայության պարագայում հետագայում օրենսդրական փոփոխություններով կարող ենք հասնել նրան, որպեսզի, օրինակ, քաղաքացիական դատավարությունները տեղի ունենան գրավոր ընթացակարգով: Այսինքն՝ մարդիկ, իրենց տներում նստած, այլևս դատարաններ գնալու, սպասելու անհրաժեշտություն չունենան, և գործընթացը տեղի ունենա գրավոր ընթացակարգերով, ինչը շատ կարևոր քայլ կլինի», — նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև անկախ դատական համակարգի հետագա բարելավման ուղղությամբ միջոցառումներին. «Մենք այս ռազմավարությամբ ընդգծում ենք, որ ոչ միայն դատական և դատաիրավական համակարգ նոր մուտք գործող անձանց, դատավորների, դատախազների և այլն բարեվարքությունը պիտի ստուգվի, այլև գործողներինը: Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքական մակարդակում դա արդեն ընդունված է, նկատի ունեմ, որ մենք՝ որպես քաղաքական իշխանություն, առաջինը մեզ վրա ենք կիրառել այդ սկզբունքը և հիմա արդեն կիրառում ենք մյուս մարմինների վրա»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է արբիտրաժային և սնանկության գործընթացների բարեփոխումները. «Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել արբիտրաժային կենտրոնի հետ կապված մեր պլաններին: Ես 2018 թվականից անընդհատ տարբեր ներդրողների հետ քննարկումների ժամանակ, երբ թեման լրջանում է, հանգում եմ կարևոր մի հարցի. աշխարհի շատ երկրներում կա հնարավորություն, որ համաներդրողները, գործընկերներն իրար հետ պայմանագիր են կնքում, ասում են՝ եթե մեր միջև վեճ առաջանա, այն պետք է հանգուցալուծվի արբիտրաժում, ասենք, օրինակ, անգլիական իրավունքի հիման վրա: Մենք բավական երկար այս թեմայի վրա աշխատել ենք, և եթե ճիշտ հասկացա, այս ռազմավարությամբ արձանագրել ենք, որ օրենսդրական, սահմանադրական այդպիսի արգելք չունենք և կարող ենք այդ արբիտրաժային կենտրոնն ստեղծել, աջակցել ստեղծմանը, օժտել նրան հնարավորություններով: Եվ օտարերկրյա ներդրողները, նույնիսկ տեղացի ներդրողներն իրար հետ համաներդրում իրականացնելիս կարող են պայմանագիր կնքել, որ իրենց հնարավոր վեճերը արբիտրաժում են լուծվելու՝ անգլիական իրավունքի, օտարերկրա իրավունքի հիման վրա: Դա նշանակում է՝ կլինի հնարավորություն, որ նրանց միջև վեճ առաջանալու դեպքում հրավիրվեն արբիտրներ, ովքեր տիրապետում են այդ իրավունքին, և վեճը լուծվի այնտեղ: Սրանք շատ կարևոր փոփոխություններ են:
Եվս մեկ թեմայի մասին՝ սնանկության հետ կապված: Մենք սնանկության կառավարիչների ինստիտուտ ունենք, որը փոփոխական հաջողությամբ է աշխատում, եթե մեղմ ասենք: Փոփոխություններով նախատեսում ենք ստեղծել հնարավորություն, որ որևէ միջազգային ընկերություն հրավիրվի որպես սնանկության կառավարիչ: Այսինքն՝ եթե լինեն իրավիճակներ, կարող ենք միջազգային հեղինակավոր ընկերության հրավիրել, ասել, որ այս ընկերությունը սնանկացման պրոցեսի մեջ է. եթե կա հնարավորություն այն վերակենդանացնելու, խնդրում ենք վերակենդանացնել, եթե չկա՝ սնանկության գործընթացն այնպես իրականացնենք, որ պարտատերերի իրավունքները մաքսիմալ հաշվի առնվեն և պաշտպանվեն: Հիմա մեր երկրում նույնիսկ 20 և ավելի տարվա սնանկության գործեր կան, որոնք ունեն մեկ առանձնահատկություն՝ պարտատերերն այդ ընկերություններից իրենց ստանալիքը չեն կարողանում ստանալ: Եվ, ըստ էության, անվերջանալի պրոցես է: Թվում է, թե պիտի պարզ լուծումներ լինեն, բայց պարզ լուծումներ չկան: Երբեմն նույնիսկ դեպքեր ունենք, որ գույքը կա, ամեն ինչը կա, բայց պրոցեսներն առաջ չեն գնում սնանկության պրոցեսը ոչ ճիշտ կառավարելու հնարավորությունների սահմանափակման առումով»:
Վարչապետը նշել է, որ ռազմավարությունը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Կառավարության նիստերում բազմիցս անդրադառնալու առիթներ կլինեն դրանից բխող իրավական ակտերի մշակման առումով. «Համոզված ենք՝ որակյալ ռազմավարություն ենք ստացել և հետևողական քայլերով առաջ գնալու դեպքում անկախ դատական համակարգ ունենալու մեր լիդերությունը, մասնավորապես, Արևելյան գործընկերության պլատֆորմում ոչ միայն կպահպանենք, այլև կամրապնդենք»: