Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Գոռի Ասատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին, իսկ հուղարկավորությունը` ժամը 13:00-ին՝ Քուչակ բնակավայրի գերեզմանատանը:

Մաթեւոս Ասատրյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:

2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2008 թվականին ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2019-2021 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:

You may also like...